Բանաստեղծ ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ (ԳԱՐՄԱՐ) հետ զրուցել ենք Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին տիրող տրամադրությունների մասին: Կարեն Մարդանյանն ապրում է Ստավրոպոլի երկրամասի Ստարոմարևկա գյուղում: Կարենի հետ առիթ ենք ունեցել զրուցելու տարիներ առաջ` նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուի առիթով, որը, իր իսկ խոսքով, մեծ ուրախությամբ նվիրում է այն մարդկանց, ովքեր գիտեն մայրենի լեզուն: Զրուցել ենք վտանգների մասին: «Վտանգները շատ են, ունենք ձուլվող մեծ սփյուռք ու լեզուն մոռացող սերունդներ, ունենք աղքատ տնտեսությամբ ու պատերազմող հարևաններով շրջապատված Հայաստան»,- ասում էր բանաստեղծը: Այսօր արդեն թեման առարկայացած վտանգն է՝ ընթացող պատերազմը:
-Կարեն, երբ սահմանին հարաբերական անդորր էր, Ռուսաստանում պայթեց «ծիրանի ակցիան»: Դա ինքնաբու՞խ էր, ներքին կուտակումների՞ արդյունք. մինչ այդ, թվում է, ՌԴ-ի մեր հայրենակիցները հայրենասիրական մղումներով աչքի չէին ընկնում:
-Ես Ռուսաստանի հարավում եմ բնակվում, այս կողմերում անդորր էր. ադրբեջանցիների ու հայերիս միջև բախումներ չեղան։ Սովորաբար Ռուսաստանում նման բախումներ չեն լինում, անսպասելի էր ադրբեջանցիների «ծիրանի պատերազմը»: Իսկ ինչ վերաբերում է հայերի պատասխան-արձագանքին, Ռուսաստանի հայ համայնքը միշտ էլ գործով է ապացուցում իր նվիրումը հայրենիքին, այստեղ ընդունված չեն ցույցերն ու նմանատիպ ակցիաները։ Հայ համայնքը դժվար ժամերին շատ արագ է կազմակերպվում, ինչը եղավ նաև «ծիրանի պատերազմի» օրերին։
-Աշխարհի տարբեր քաղաքներում հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ իշխանություններին կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան, քար լռություն պահպանող լրատվամիջոցներից պահանջում են ռազմական գործողությունների օբյեկտիվ լուսաբանում: Ռուսաստանի Դաշնությունում ի՞նչ տրամադրություններ են տիրում, ի՞նչ են պահանջում Ռուսաստանի մեր հայրենակիցները:
-Ինչպես նշեցի՝ Ռուսաստանում առհասարակ ընդունված չէ ցույցերի միջոցով խնդիրներին լուծումներ գտնելը։ ՌԴ լրատվամիջոցների զգալի մասը օբյեկտիվ է լուսաբանում Արցախյան պատերազմը, ռուսաստանցիները գիտեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ է: Պարզապես հիմա այնքան շատ են պատերազմները, որ այդ ամենին Ռուսաստանի հասարակությունը գրեթե ուշադրություն չի դարձնում, աշխատում են հնարավորինս չմիջամտել, ավելի չեզոք դիրքորոշում ունեն: Իսկ Ռուսաստանի մեր հայրենակիցներին մտահոգում են Հայաստանի հասարակական կազմակերպությունների՝ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորման մասին լուրերը: ՌԴ-ի քաղաքական շրջանակներում նույնպես սուր արձագանք է գտնում այս փաստը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագետների 2000-անոց աշխատակազմը, որը, ըստ ՌԴ-ի լրատվամիջոցների, աշխարհում ամերիկացի դիվանագետների քանակով մեծությամբ երկրորդն է։ Հաշվի առնելով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բարդ հարաբերությունները` Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի տեսանկյունից ամերիկամետ են ընկալվում, այսինքն՝ ոչ բարեկամ: Ռուսաստանի քաղաքական գործիչները Հայաստանն ընկալում են որպես Ռուսաստանի հեռավոր դարպաս ու հիմա, երբ այս պատերազմին ակնհայտորեն միջամտում է Թուրքիան, Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի բախումը տեղափոխվում է Արցախ: Բայց Ռուսաստանը Թուրքիայի դեմ ուղիղ առճակատման չի գնա, քանի որ չի ուզում կորցնել նաև Ադրբեջանը՝ իր ռուսական դպրոցներով, նավթային գործարքներով և հասարակության ռուսամետ հատվածով։
Սեղանին դրված է Արցախը. եթե հայոց բանակը հաղթի, Ռուսաստանը կընդունի դա որպես իրողություն։ Ռուսաստանի քաղաքական շրջանակներն ընկալում են Թուրքիայի երազած Մեծ Թուրանի վտանգը, բայց շատ են նաև Արցախի անվտանգության գոտու 5 թե 7 շրջանների` Ադրբեջանին պատկանելու մասին խոսակցությունները։
Ինչպես միշտ, հայ զինվորի, կամավորի կյանքով ու սխրանքով է գրվելու հայ ազգի ճակատագիրը: Եվ` ոչ միայն. տարածաշրջանային այլ երկրների քրիստոնեական արժեքներ կրելու, արժանապատիվ, ազատ ապրելու իրավունքն է որոշվելու Արցախում։
-Ռազմաճակատում մեր տղաները հաղթանակներ են գրանցում, դիվանագիտական հարթության մեջ ի՞նչ կարող ենք ակնկալել:
-Մեր զինվոր եղբայրները հերոսներ են, մեր ազգի լավագույն տեսակը։ Նրանց շնորհիվ դիվանագետները կարող են ստիպել թշնամուն ընդունելու Արցախի անկախությունը և հարցը փակված համարել երկար տարիներ։ Ցավոք, ուժերի հարաբերակցությունը հավասար չէ, բայց հաղթանակը ապրելու մեծ ցանկություն ունեցողինն է լինելու` հայինը։ Մի դրվագ Ռուսաստանի հայերի մասին. օրերս երեք հայեր, ձգտելով օր առաջ հասնել Արցախ, դիմել էին երկու այլ հայերի օգնությանը: Վերջիններս, ֆինանսավորելով ու թղթաբանական հարցերը կարգավորելով, մեր եղբայրներին ճանապարհեցին Արցախ։ Հայրենասիրության դրսևորումները տարբեր են։
-Հաղթելու՞ ենք:
-Չեմ համարձակվում բարձրագոչ բառեր ասել, քանի որ իմ չնչին «բազմոցային պատերազմը» համացանցում ադրբեջանական քարոզչությանը հակափաստարկներով պատասխանելն ու մեկնաբանություններ անելն է։ Հիմա բոլորս մի քիչ դիվանագետ ենք, մի քիչ ռազմագետ։ Հաղթանակի մասին իրավունք ունեն խոսելու միայն հայ զինվորն ու կամավորը։ Կեցցե՛ Հայաստանը։ Կեցցե՛ Արցախը։ Խաղաղություն մեր ազգին:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ